Հռոմից Հայաստան եկած իտալացի գործարարը Կապանում կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրությամբ կզբաղվի: Նիկոլա Դի Մաուրոյի խոսքով, կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրության գործարանը ի սկզբանե պետք է բացվեր Երեւանում, սակայն, քննարկումների արդյունքում որոշվել է այն  Կապանում կառուցել:

«Ես Հռոմից Հայաստան եմ եկել մեկ տարի առաջ, մասնագիտությամբ ավագ խոհարար եմ,  Իտալիայի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում ունեմ մի շարք ռեստորաններ: Վերջին մեկ տարվա ընթացքում ես Սյունիքում աշխատել եմ նոր ծրագրի վրա, որն է` հատուկ պայմաններում ստեղծել սառեցված կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրություն», - ասաց իտալացի գործարարը:

Նիկոլա Դի Մաուրոյիի խոսքով` նախատեսվում է գործարանում 1 ամսվա ընթացքում արտադրել մոտ 250.000 պիցցա. պիցցայի արտադրության ավտոմատացումը հնարավորինս նվազեցված է, որպեսզի ավելի շատ աշխատատեղ ստեղծվի. «Գործարանում նվազագույն աշխատատեղերի քանակը 1 գծային արտադրամասում կլինի 50 աշխատող, իսկ առավելագույն աշխատատեղերի քանակը 3 գծային արտադրամասում՝ 150  կլինեն: Մեր չափորոշիչն է ոչ միայն ապահովել սննդի բարձր որակ, այլեւ ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի աշխատողներն աշխատեն որակյալ պայմաններում: Գործարանում աշխատելու են որակավորված մասնագետներ»:

Նրա խոսքով, գործարանը պատրաստվել է միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ամենաբարձր սարքավորումներով: Արտադրամասի տեխնիկան ամբողջովին իտալական է, որը կապահովի ամենաբարձր արդյունքը, սննդի մշակումը նույնպես կլինի բարձր որակով: Նա նշեց, որ արտադրանքն արտահանվելու է Եվրասիական շուկա՝ Ռուսաստան եւ Իրանի մի մասը:

«Կիսաֆաբրիկատ պիցցան պատրաստվելու է իտալական ձեւով, սակայն բացառապես տեղական մթերքով: Փորձելու ենք մթերքը ձեռք բերել Սյունիքի մարզի հարակից տարածքներից, ինչը կնպաստի ընկերության ֆինանսական տնտեսմանը: Ես որոշեցի այս ծրագիրը Սյունիքում իրականացնել` հաշվի առնելով տեղական իշխանությունների պատրաստակամությունը եւ տեղացիների նկատմամբ նրանց ուշադրությունը: Մարզի ղեկավարությունը փորձում է տեղի բոլոր խնդիրներին լուծում տալ, ինչն արտերկրի բիզնեսի համար շատ կարեւոր գործոն է», -ասաց նա: