Panasonic-ը ներկայացրել է կոնցեպտ, որն օգտակար կլինի առողջ ապրելակերպի սիրահարների համար։ CaloRieco կոչվող սարքը կարող է առանց հպումի չափել ուտելիքի կալորիականությունը։

Շնորհանդեսը տեղի է ունեցել Տոկիոյում CEATEC 2017 ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է RG-ն։

CaloRieco-ն շատ պարզ է աշխատում։ Սարքի ներսում դնում եք պատրաստի ուտեստով ափսեն, եւ կափարիչը փակվում է։ Մոտ 10 վայրկյան անց սարքը տալիս է անհրաժեշտ տեղեկությունը՝ քաշը, կալորիականությունը, սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի քանակը։

Panasonic-ի բիզնեսի զարգացման  տնօրեն Կաորի Մանաբեի խոսքով՝ սննդի տարբեր բաղադրիչները ինֆրակարմիր ճառագայթներն արտացոլում են տարբեր կերպ։ Հենց դրանց շնորհիվ էլ սարքը ճանաչում է ուտելիքը եւ տեղեկությունն  ուղարկում սմարթֆոնին։