Որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմում լինելու առումով խնդիր ունի դա փաստ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանն՝ անդրադառնալով ԱԺ «Ելք» դաշինքի ԵՏՄ–ից դուրս գալու նախաձեռնությանը։ Պատգամավորը միաժամանակ կարծում է, որ խնդիր ունենալով հանդերձ էլ Հայաստանը պետք է շարունակի մնալ այդ կառույցում։

«Մենք ունենք խնդիրներ ԵՏՄ–ի հետ կապված արտահանման մասով հատկապես, լուրջ խնդիրներ ունենք, բայց ԵՏՄ–ից դուրս գալու առումով մեր ռազմական գործընկերոջ հետ կապված պատկերացնում եք՝ ինչ խնդիր կլինի, պատկերացնո՞ւմ եք՝ որ տարածաշրջանում ենք գտնվում։ Մենք անվտանգության երաշխիքը ունե՞նք, բայց որ ԵՏՄ–ում խնդիր ունենք, դա փաստ է»,–ասել է պատգամավորը։

Նա նշել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի աջակցություն չունենալը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հակառակորդը հարձակվել էր Արցախի վրա, ոչ թե Հայաստանի։

«Ղարաբաղը այլ  խնդրի կոնտեքստում է, Հայաստանը՝ այլ։ Երբ որ Հայաստանի վրա հարձակում լինի, նոր կխառնվեն։ Տա Աստված, որ Ղարաբաղն էլ մտնի ԵՏՄ–ի մեջ»,–ասել է նախկին ՀՀԿ–ականը։