Անցկացված «Որոնում 2017» զորավարժությունները նպաստել են դրանց մասնակցած զինծառայողների բարեկամության եւ համագործակցության ամրապնդմանը: Այս մասին զորավարժությունների շրջանակում կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀԱՊԿ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Միացյալ շտաբի պետի գնահատմամբ՝ անձնակազմը դրսեւորել է առավելագույն ջանք եւ բարձր պրոֆեսիոնալիզմ: Ընդհանուր առմամբ զորավարժությունների ղեկավարությանը հաջողվել է լուծել մի շարք կարեւոր հարցեր, լավ փորձ ձեռք բերել, նշեց գեներալ-գնդապետը՝ ընդգծելով, որ զինծառայողների պատրաստվածությունը վկայում է, որ դրված բոլոր խնդիրները կկատարվեն, գլխավորն այն է, որ պրակտիկայում նման խնդիր չառաջանա:

Ի պատասխան բազմազգ զորավարժությունների ժամանակ շփման լեզվին վերաբերող հարցին՝ գեներալը հիշեցրեց, որ ՀԱՊԿ բոլոր անդամները նախկին միութենական հանրապետություններ են, որոնք հիմա ինքնուրույն պետություններ են: «Մեզ միավորում է ընդհանուր պատմությունը եւ մշակույթը: Մեզ համար դժվար չէ շփման ընդհանուր լեզու գտնելը: Մենք թարգմանիչների կարիք չունենք»,- նշեց Անատոլի Սիդորովը՝ հավելելով, որ բոլոր մասնակիցները տիրապետում են ռուսերենին: