Արտաշատի քաղաքապետի ընտրություններում կառաջադրվեն եւս երկու անկուսակցական թեկնածու։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար, պատգամավոր Ալիկ Սարգսյանը։ Վերջինս շեշտել է, որ ՀՀԿ–ն սատարելու է Կարեն Բենիամինյանի թեկնածությունը։

«Այդ երկու թեկնածուի առաջադրումը խոսակցությունների մակարդակում են, հոկտեմբերի 11–ին ակնհայտ կլինի՝ կառաջադրվեն, թե ոչ։ Բայց գլխավոր թեկնածուն Կարեն Բենիամինյանն է, որին սատարելու է Հանրապետական կուսակցությունը»։

Իշխանության ներկայացուցիչը դժվարացավ ասել, թե ինչու են այլ քաղաքական ուժեր հրաժարվել այս մարզում ընտրապայքարի մեջ մտնելուց։

«Դե մարդիկ նայում են ավելի իրենց շանսերը.... չեմ ուզում ավելորդ տեղ միջամտություն ցուցաբերել, չեմ կարող ասել՝ ինչու չեն մասնակցում»,–ասել է Ալիկ Սարգսյանը։

Անդրադառնալով իր վաղեմի հակառակորդ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտափոխվելուն, որի որդին ավելի վաղ պնդում էր, որ արդեն ունեն թեկնածու Արատաշատում, ասել է. «Էս պահին չեմ տեսնում, որ նրանք տրամադրություն ունեն միջամտելու էս ամեն ինչին, իմ տպավորությունն այդպիսին է»։ Նախկին պատգամավորը հիշեցրել է, որ որեւէ մեկի աջակցության կարիքը չունեն, քանի որ առայժմ միայն ՀՀԿ–ի թեկնածուն է։