Կառավարության՝ դպրոցների օպտիմալացման ծրագրի շրջանակում միավորվել են նաեւ Ծիրակի մարզի Արթիկի թիվ 7 եւ թիվ 3 դպրոցները։ Միավորման հետեւանքով նախատեսված է, որ կրթական գործունեությունը շարունակվի թիվ 3 դպրոցի շենքում, ինչը վրդովվեցրել է թիվ 7 դպրոցի աշակերտների ծնողներին։ Նրանք համարում են, որ իրենց դպրոցն ավելի հարմարավետ ու ընդարձակ է, քան ավելի վաղ կառուցված թիվ 3 դպրոցը։ Ծնողներն այս կապակցությամբ բողոք են ուղարկել պատկան մարմիններին, ընդհուպ վարչապետ, սակայն նրանց դիմումը անտեսվել է։  Նրանք որոշել են վարչապետինեւ կրթության եւ գիտության նախարարին իրենց ասելիքը ներկայացնել հրապարակավ, ինչի կապակցությամբ NEWS.am-ի խմբագրություն նամակ են ուղարկել։ Ստորեւ ներկայացնում ենք այն։

«Տեղեկանալով ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ին ընդունած 1049 – Ն որոշման մասին, այն է ՝մի շարք այլ դպրոցների հետ միասին,«Արթիկի № 7 ավագ դպրոց» պետական ոչառեւտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, գույքը հետ վերցնելու, գույք ամրացնելու եւ ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի № 664-Նու 2010 թվականի մայիսի 6- ի № 575-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի № 7  ավագ դպրոցի» ծնողները իրենց անհամաձայնությունն են հայտնում եւ ընդվզում սույն որոշման դեմ: Խնդիրն այն է, որ իրականում դպրոցի հետ կապված իրավիճակն ամբողջությամբ ուսումնասիրված չէ, ներկայացված տեղեկատվությունը ամբողջական եւ ստույգ չէ, ինչի արդյունքում ընդունված որոշումը չի բխում ոչ աշակերտների, ոչ ուսուցիչների, ոչ էլ ծնողների շահերից։

Արթիկի № 7 ավագ դպրոցը հիմնադրման օրվանից ներկայացել է որպես առաջադեմ, լավագույն ուսումնական ավանդույթներով դպրոց,այն եղել է գիտելիքի ձեռքբերման մի յուրահատուկ օրրան:Այստեղ ուսանած աշակերտներն իրենց հետագա կյանքում հասել են շոշափելի առաջընթացի տարբեր բնագավառներում: Դպրոցի ուսուցչական հանրույթն հանդիսանում է Արթիկի լավագույններից մեկը, որն այսօր կանգնած է գործազուրկների շարքերը համալրելու տխուր հեռանկարի առաջ: Դպրոցի աշակերտների ծնողների ստվար մասն ուսանել է այս դպրոցում, արժանացել գովասանագրերի եւ մեդալների, ուստի քաջածանոթ լինելով այս դպրոցի որակական հնարավորություններին, այսօր սիրով իրենց երեխաների ճակատագրերը կռելու պատասխանատու աշխատանքը վստահել են հենց այս կոլեկտիվին, այն դեպքում, երբ այլընտրանք եղել է նաեւ մեկ այլ ավագ դպրոց: Չնսեմացնելով վերջինիս հնարավորություններն, այնուամենայնիվ այսօր ծնողին պարտադրվում է մի տարբերակ, որն ի սկզբանե ծնողների կողմից մերժվել է, երբ ընտրության հնարավորություն է եղել: Եթե համեմատենք 2 դպրոցների շենքային պայմանները, ապա Արթիկի № 3 ավագ դպրոցն իր դիրքերը զիջելու էԱրթիկի № 7 ավագ դպրոցին: Արթիկի № 3 ավագ դպրոցն հանդիսանում է 1959 թվականի փոքրածավալ շինություն, ի տարբերություն ընդարձակ 7-րդ դպրոցի, որն շահագործման է հանձնվել 1991 թվականին: Վերջինս սեյսմակայուն է, ժամանակակից , տիպային, ներքնահարկում առկա է ռմբապաստարան, որն իր տեսակի մեջ եզակի է, ունի հնարավորություն լողավազանի եւ հրաձգարանի կառուցման: 3-րդ դպրոցն ունի ընդամենը 16 դասասենյակ, որոնք բավականին անհարմարավետ են ու փոքր:Իսկ Արթիկի № 7 ավագ դպրոցն ունի 25 հարմարավետ դասարաններ, որոնցից յուրաքանչյուրն ըստ նշանակության ունի համապատասխանկահավորանք:3-րդ դպրոցում կոյուղագծերի սխալ մոնտաժումների պատճառով դպրոցում առկա է հավերժական գարշահոտություն, որն որեւէ կերպ հնարավոր չէ վերացնել, քանի որ կոյուղագիծն անցնում է անմիջապես դպրոցի հիմքի տակից, իսկ այն քանդելու դեպքում, առանց այն էլ երկրաշարժից թուլացած դպրոցը կդառնա ամբողջովին վթարային եւ վտանգ կներկայացնի երեխաների համար: Մեզ ծնողներիս համար նախընտրելի է Արթիկի № 7 ավագ դպրոցի կաթոցներից զերծ դասասենյակներում մեր երեխաների դասապրոցեսը կազմակերպելը, քան այդ գարշահոտության մեջ: Արթիկի № 7 ավագ դպրոցն ունի հիանալի պատկերասրահ- նախամուտք, որն երեխաների գեղագիտական ճաշակը բարձրացնող հիանալի միջոց է եղել տարիներ շարունակ: Արթիկի № 7 ավագ դպրոցի շենքային պայմաններն ըստ էության լավագույնն են եղել ՝ ի համեմատություն Արթիկի մյուս բոլոր դպրոցների:

2012 թվականին առաջին կաթոցների ի հայտ գալուն պես, քայլեր ձեռնարկվեցին նոր տանիքային ծածկ ձեռք բերելու համար: Իրականացված ցածրորակ շինարարական աշխատանքները այս հրաշք կառույցը կանգնեցրեցին սարսափելի իրականության առաջ: Ոչ ոք պատասխանատվություն չկրեց մսխված գումարների ու անորակ շինաշխատանքների համար, ինչն արդեն աններելի է: Դատապարտում ենք այս երեւույթը, քանի որ այստեղ ենթադրվում է կոռուպցիոն սխեմայի իրականացում… Տարիների հետ կաթոցներն ինտենսիվացան եւ հիմնականում միջանցքները բորբոսակալվեցին: Խնդրին լուծում տալու համար աշակերտական եւ ուսուցչական կոլեկտիվը որոշեց բարձրաձայնել խնդիրը, ինչի արդյունքում հետաքրքիր զարգացումներ սկսվեցին: Առանց խորհրդակցելու , քննարկելու, կիսատ-պռատ այցելությունների արդյունքում/ինչպես նշում են դպրոցի աշխատակիցները, դիտորդները ընդամենը բարձրացել են տնօրենի աշխատասենյակ ու հեռացել են, առանց դպրոցի իրական հնարավորություններին ծանոթանալու/ կայացվել է մի որոշում, որն ընդունելի չէ որեւէ մեկի կողմից: Ստացվում է ցավող գլուխը բուժելու օպտիմալ տարբերակ ընտրվել է գլուխը կտրելը: Միթե սա..

Այս վերակազմակերպման արդյունքում Արթիկի № 3 ավագ դպրոցը մյուս տարի, երբ աշակերտների հոսքն ի տարբերություն այս տարվա կավելանա, կկանգնի նոր խնդրի առաջ, քանի որ իրենց ներկայացրած թվային տվյալները չեն արտացոլում իրականությունը: Ունենալով փոքրաթիվ դասասենյակներ, այնտեղ արդեն այսօր հնարավոր չէ կազմակերպել կիսվող հոսքերի դասերը: Արթիկի № 7 ավագ դպրոցի համեմատ ունենալով ավելի քիչ մակերես 3-րդ դպրոցը ներկայացրել է, թե կարող է սպասարկել 450 աշակերտի, այն դեպքում, երբ ավելի մեծ մակերես ունեցող Արթիկի № 7 ավագ դպրոցն ըստ նորմատիվների կարող է սպասարկել 390 աշակերտի: Այդ չափորոշիչներով եթե առաջնորդվենք, ապա կստացվի , որ Արթիկի № 7 ավագ դպրոցը կարող է ուսումնական գործընթացում ներգրավել մոտ 700 աշակերտ: Դեռեւս 1997-98 թվականին դպրոցում ուսանել են 477 աշակերտ եւ ցուցաբերվել է 80 % առաջադիմություն: Առաջադիմության բարձր ցուցանիշը պահպանվել է նաեւ հաջորդ տարիներին , այսպես օրինակ՝ նախորդ տարում 56 շրջանավարտներից 46-ն ընդունվել են տարբեր պետական բուհեր: ՈՒնենալով տղեկատվության այսպիսի համադրում, մեզ համար հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով է ընտրվել վերակազմակերպման ներկայիս տարբերակը:

Եթե դիտարկենք դպրոցների հեռավորությունը, ապա երկու ավագ դպրոցները գտնվում են քաղաքի հակառակ կողմերում եւ մեծագույն խնդիր կլինի աշակերտների տեղափոխման հարցը: Ուստի ծնողները նախազգուշացնում են, որ իրենց երեխաներին ընդհանրապես չեն ուղարկի տվյալ դպրոցը, իսկ այդ երեխաների ճակատագրերի պատասխանատուն կլինի պետությունը:

Առաջնորդվելով այն սկզբունքով, որ անհրաժեշտ էր նախեւառաջ համայնքային քննարկումներ կազմակերպել, առավել օպտիմալ տարբերակներ քննարկել, բազմակողմանի վերլուծություններ անել, ապա նոր որոշումներ կայացնել: ՈՒստի առաջարկում ենք, կասեցնել տվյալ որոշման իրագործումը, համատեղ քննարկում անցկացնել, լսել մեր պահանջներն ու առաջարկները եւ համատեղ լուծումներ գտնել: Այլապես ամբողջ դպրոցի ծնողական, աշակերտական, ուսուցչական հանրույթները՝ համախմբված, կհրաժարվեն կատարել տվյալ որոշման պահանջները: Դպրոցում չկա գեթ մեկ ծնող, ով կցանկանար, որ իր երեխան տեղափոխվի մյուս դպրոցը»: