Արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառման որոշումը ընդունում է Հավաքական անվտանգության խորհուրդը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է անդամ երկրներում անկարգությունների դեպքում Արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառման հարցը:

«Որպեսզի դա ժամանակին կազմակերպվի, հավաքական անվտանգության շրջաններում իրադրության ամենամսյա, ամենշաբաթյա գնահատում է կատարվում, վերլուծություն, ամփոփում, հասցվում է կազմակերպության անդամ երկրների համապատասխան կառույցներին: Սակայն ես միանշանակ կարող եմ ասել, որ ո՛չ, ներքին հակամարտություններին նախապես որեւէ կիրառում նախատեսված չէ»,- ասաց Անատոլի Սիդորովը:

Նրա խոսքով՝ որոշակի շրջանակներում եւ լրատվամիջոցներում երբեմն այն կարծիքն է տարածվում, որ ՀԱՊԿ միջոցառումներն իբր ինքնիշխանությունը սահմանափակում են: «Դա այդպես չէ: Ամեն ինչ կոլեկտիվ է արվում կոնսենսուսի հասնելով: Որոշումները բոլորն են ընդունում»,- նշեց գեներալը: Նրա խոսքով՝ եթե որեւէ երկիր, օրինակ՝ Հայաստանը, չի ցանկանում զորավարժություններն ընդունել, ոչ մեկը չի ստիպում: «Դեռեւս նման բան չի եղել: Բոլոր անդամ երկրները լիակատար հավանությամբ են ընդունում»,- եզրափակեց Անատոլի Սիդորովը: