Իսպանիայում ներկա պահին բազմահազարանոց ցույցեր են անցկացվում, որոնցից ամենազանգվածայինները Մադրիդում եւ Բարսելոնայում են: Մասնակիցները երկրի միասնականության եւ Կատալոնիայի անկախության կողմնակիցների երկխոսության համար են պայքարում, հաղորդում է «ՌԻԱ Նովստին»:

Մադրիդում միաժամանակ երկու հանրահավաք է անցկացվում: Կոլումբոսի հրապարակում հավաքվել են նրանք, ովքեր աջակցում են Իսպանիայի միասնությանը: Ամբողջ տարածքը լցված է երկրի ազգային դրոշներով:

Երկրորդ մեծ ակցիան տեղի է ունենում Սիբելեսի հրապարակում `հաշտեցման նպատակով: Հանրահավաքների անցկացման գաղափարը հայտնվել է սոցիալական ցանցերում ` #hablemos (իսպաներեն՝ երկխոսություն) եւ #parlem (« երկխոսություն՝ կատալաներեն) հեշթեգներով:

Հանրահավաքի մասնակիցներին կոչ են արել սպիտակ հագուստներով գալ:

«Ողջույն, Իսպանիա: ժամանակն է ասել, որ Իսպանիան լավագույն երկիրն է, իսկ նրա ղեկավարությունը՝ ոչ: Նրանք ատելություն են սերմանել, մեզ իրար դեմ են տրամադրել եւ բաժանել: Եթե մենք չմիջամտենք, դժվար կլինի ապրել Իսպանիայում» — ասվել է սոցցանցերով տարածված հաղորդագրությանմեջ:

Հաշտեցման համար մեծ թվով ակցիաներ են միաժամանակ տեղի ունենում Բարսելոնայի մեկ այլ հրապարակում, որտեղ գտնվում է գեներալիտետը (Կատալոնիայի կառավարությունը) եւ Բարսելոնայի քաղաքապետարանը:

Մարիանո Ռախոյի կառավարությունը հրաժարվում է բանակցություններ վարել Կատալոնիայի իշխանությունների հետ: Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 10-ին խորհրդարանի նիստ կհրավիրի: Չի բացառվում, որ նիստի ժամանակ խորհրդարանը կարող է ընդունել անկախության հռչակագիր: