«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 3 գաղափարակիցներ մտադրվել էին Նյու Յորքում ահաբեկչություն իրականացնել, իրենց իսկ խոսքով՝ երկրորդ սեպտեմբերի 11։ Այս մասին ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում։

Գրոհայինները պլանավորում էին 2016-ի ամռանը հարձակումներ իրականացնել մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում։ Նրանք պատրաստվում էին պայթուցիկ տեղադրել Թայմս սքվերում եւ մետրոյում, ինչպես նաեւ հրաձգություն կազմակերպել համերգների ժամանակ։ Հաղորդվում է, որ ահաբեկչության համար նրանք ուղղորդվում էին  2015-ի նոյեմբերին Փարիզում եւ 2016-ի մարտին Բրյուսելում կատարված ահաբեկչությունների սցենարով։

Երեք մարդ կալանավորված է, մեկն ընդունել է մեղքը։ Երկու մեղադրյալները ԱՄՆ-ի եւ Կանադայի քաղաքացիներ են եւ 19 տարեկան են։ Երրորդը 37-ամյա ֆիլիպինցի է։

Ահաբեկչությունները հնարավոր է եղել կանխել ՀԴԲ գործակալի շնորհիվ, որին հաջողվել էր ներթափանցել նրանց բջիջ։