Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:15-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան–Սեւան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «Opel Astra J» մակնիշի 34 AM 182 (վարորդ՝ Ն. Ո.), «Mitsubishi» մակնիշի բեռնատար 723 OC 61 (վարորդ՝ Մ. Ն.), «Volkswagen Golf» մակնիշի 34 NT 508 (վարորդ՝ Ա. Թ.) եւ «Volkswagen Golf» մակնիշի 34 NT 501 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1996 թ. ծնված Վ. Խ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վ. Խ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ հոսանքազրկել «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան: