Հայաստանում National Instruments ընկերության դուստր ընկերության ինժեներները ներկայացրել են արդյունաբերության մեջ դիագնոստիկայի եւ կառավարման real-time մոդելը։

Խելացի արդյունաբերական պոմպի մոդելն ընկերությունը ներկայացրել է Երեւանում DigiTec ցուցահանդեսի ժամանակ։ Այս մոդելն արդեն տեղադրել են Սայանո-Շուշենսկի ՀԷԿ-ում։

NEWS.am-ի հետ զրույցում ընկերության մասնագետ Արամ Սողոյանն ասաց, որ դա թույլ կտա ոչ միայն տվյալներ ստանալ արտադրական հանգույցներից, այլ նաեւ վերլուծել դրանք։ Նորամուծությունն այն է, որ սարքավորումից ստացված տվյալներով իրական ժամանակում կարող են պարզել, թե ինչ վիճակում է սարքը։

«Իսկ եթե դուք հաստատ գիտեք, թե երբ է պետքը պոմպը կամ այլ սարքավորում վերանորոգել, ապա դուք ժամանակ չեք կորցնում՝ այն ժամանակից շուտ անջատելով կամ ժամանակից ուշ անջատելով՝ վթարի ռիսկին չեք գնում»,- ասաց Սողոյանը։

«Պոմպի վրա անհատական qr կոդ կա։ Կոդը հավաքում ենք պլանշետի վրա, այն ինքն է հաշվում, եւ համակարգը բացվում է։ Հիմա պլանշետը դնում եք հանգույցի վրա եւ տեսնում եք դրա լարումը, ճնշումն ու ջերմաստիճանը»,- ասել է Սողոյանը։

Այս մոդելի համար հայ մասնագետեները կազմել են AR հավելվածը եւ արհեստական նեյրոնային ցանցի մոդել։ Նման արհեստական ինտելեկտը կարող է ընդունել եւ վերլուծել միլիոնավոր սարքերի տվյալները։

«Բնականաբար բոլոր այդ համակարգերը պաշտպանված են հուսալի ծածկագրային մեթոդներով»,- ասել է Սողոյանը։