Հայաստանում National Instruments-ի դուստր ընկերության ինժեներները ներկայացրել են արեւի էներգիայի դիմաց կրիպտոարժույթով վճարելու նոր ալգորիթմ։ Մոդելը ներկայացվել է Երեւանում DigiTec ցուցահանդնեսի ժամանակ։

NEWS.am-ի հետ զրույցում ընկերության մասնագետ Արամ Սողոյանը նշեց, որ տեսականորեն համակարգը կարող է կիրառվել «բիզնես-սպառող» տարբեր հաշվարկներում։

Կրիպտոարժույթով հաշվարկի առավելությունն այն է, որ նման պայմանների տվյալների բազան բաշխվում է տարբեր օգտատերերի մոտ, ուստի այն դժվար է աղճատել կամ կոտրել։ Այդուհանդերձ, կրիպտոարժույթների հուսալիության հարցում շատ կասկածներ կան։ Գործարքների համար ծրագրավորողներն ընտրել են Ethereum-ը՝ այն մյուսներից ավելի հուսալի համարելով։

Հայաստանում մշակված սմարթ պայմանագրերի ալգորիթմները հետաքրքրություն են առաջացրել Ռուսաստանում, որտեղից արդեն պատվերներ են ստացվում «խելացի» քաղաքների նախագծերին մասնակցելու համար։

Որպես ծրագրի ցուցադրության տարբերակ՝ հարմարեցվել են արեւի էներգիայի էլեկտրականության վճարման պայմանագրերը։