Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանին եւ նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն, շնորհավորելով տաղանդավոր շախմատիստին, ընդգծել է, որ նրա հերթական հաղթանակը մեծ ուրախություն պարգեւեց ամենքին՝ փառք եւ պատիվ հավելելով հայոց ազգին եւ հայրենի երկրին։ Նորին Սրբությունը նշել է, որ նման ձեռքբերումները ոգեշնչող են շախմատով հետաքրքրվող մանուկների համար, ովքեր ձգտում են նմանվել Արոնյանին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր շնորհավորանքներն է ուղղել նորապսակ զույգին՝ մաղթելով, որ Աստված ուղեկից լինի նրանց եւ պարգեւի մշտական հաղթանակներ անձնական կյանքում եւ շախմատի ոլորտում:

Իր հերթին Լեւոն Արոնյանը, շնորհակալություն հայտնելով հայրապետական գնահատանքի համար, Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել առաջիկա մրցույթների մասին։ Խոսելով արձանագրած հաջողությունների մասին՝ գրոսմայստերը շեշտել է, որ ժողովրդից ստացած սերն ու հարգանքը պետք է ջանա այսուհետ եւս վերադարձնել հաղթանակների տեսքով։