Ինդոնեզիայի ոստիկանությունը Ջակարտայում սպա կենտրոններից մեկում 51 մարդու է ձերբակալել։ Ավստրալական News.com.au պարբերականի փոխանցմամբ, իշխանությունները հայտարարել են, որ կենտրոնը սպասարկել է նույնասեռականների։ Ձերբակալվածներից շատերին սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում։ Այս մասին նշել է Ջակարտայի ոստիկանության ներկայացուցիչ Արգո Յուվոնոն։

Պաշտոնապես նույնասեռականությունն Ինդոնեզիայում արգելված չէ, բայց ձերբակալվածներին պատրաստվում են մեղադրել պռնոգրաֆիական ծառայություններ մատուցելու եւ մարմնավաճառության մեջ։

Ձերբակալվածներից 4-ը Չինաստանի քաղաքացիներ են, նրանց շարքում կան նաեւ թաիլանդցի, մալայզիացի, սինգապուրցի եւ հոլանդացի։ Արտասահմանցիներին մեղադրանքներ չեն ներկայացվի։