Սիրիայի քրիստոնյա համայնքների վերականգնումը միջեկեղեցական շարժման համար պետք է առաջնահերթություն դառնա։ Այս մասին Հոլանդիայի եկեղեցիների խորհրդի նախագահ եպիսկոպոս Ռընե Դը Ռեովերի հետ հանդիպման ժամանակ նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ հիշյալ խորհրդի ծրագրերի պատասխանատու Ֆիժե Դուիմը եւ տեղեկատվական բաժանմունքի խորհրդի վարիչ Ռոբ Վան Ուիժնը։

Լիբանան եւ Սիրիա այցելություն կատարած պատվիրակության նպատակ է մոտիկից ծանոթանալ եկեղեցիների դիմագրաված դժվարություններին եւ նախաձեռնած ծրագրերին, հատկապես Սիրիայի տարածքում։

Արամ Ա-ն բացատրություններ է տվել Սիրիայի քրիստոնյա համայնքների եւ մասնավորապես հայ համայնքի մասին։ Նա նշել է, որ քաղաքական եւ անվտանգության լույսի ներքո, Սիրիայի քրիստոնյա համայնքներին օժանդակությունը պետք է կատարվի վերականգնման եւ վերակառուցման ծրագրերի համար, բնականաբարա, առանց անտեսելու կարիքավոր ընտանիքներին։ Նա կարեւորել է միջին բիզնեսներին նյութապես նեցուկ լինելու հրամայականը։