Հայաստանը, գտնվելով քրիստոնեական եւ իսլամական քաղաքակրթությունների սահմանագծում, կարող է Արևմուտքի եւ Իրանի հետ իր համագործակցության զուգակցմամբ զգալի դերակատարություն ունենալ Իրան–ԱՄՆ ներկայիս լարվածության մեղմացման առումով։ Այս մասին ասված է Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Կարո Եղնուկյանի համատեղ հայտարարության մեջ, որը վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների հեռանկարին։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մեծ մերձավոր արեւելքում աշխարհաքաղաքական գործոնների եւ ուժերի մեծաքանակությունն ու բազմազանությունը, դրանց միջեւ պայքարի ուժգնությունն ստեղծում են տարածաշրջանում այնպիսի  բարդություն, որը մի կողմից անհնարին է դարձնում տակտիկական նոր դաշինքների արագ առաջացման եւ նույնքան արագ վերացման ժամանակացույցի կանխատեսումը, իսկ մյուս կողմից չեզոքացնում է մեծ եւ փոքր դերակատարների ունեցած ռեսուրսային տարբերության կարեւորությունը, քանի որ  բազմապատիկ չափերով մեծանում են փոքր դերակատարների անկայուն իրավիճակի վրա ազդելու կարողությունները: Առաջին պլան են դուրս գալիս ու որոշիչ են դառնում ոչ այնքան նյութական հզորությունը, որքան խելացի ուժը եւ կամքը:

Ժամանակավրեպ շահերով պայմանավորված ռազմա-քաղաքական միավորումների վրա կենտրոնանալը եւ իմաստի որոնումը այնտեղ, որտեղ այն բացակայում է, դատապարտում է ամուլ եզրահանգումների: Մինչդեռ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության ճգնաժամի հաղթահարումը, ցավոք, ենթադրում է  ներկայիս քաոտիկ անկայունության որոշակի շարունակականություն, եւ քաղաքական վերլուծությունները եւ գործողությունները պետք է կենտրոնանան այն բանի վրա, թե ինչն է միջնաժամկետ հեռանկարում ավելի հավանական դարձնում ճգնաժամի հանգուցալուծումը`  դեպի նոր անվտանգային ճարտարապետություն  տարբերակ, որը կապահովեր Մեծ մերձավոր արեւելքում խաղաղության, համերաշխության ու համագործակցության միտված կայուն քաղաքակակրթական-մշակութային միջավայրի ձեւավորումը: Լուծումը անկասկած պետք է  հիմնված լինի կողմերի երկարաժամկետ, պատմականորեն ձեւավորված  քաղաքականության ու բնական շահերի վրա:

Այս իմաստով հասկանալի է, որ Հայաստանը եւ Իրանը ունեն փոխլրացնող այնպիսի շահեր, որոնց ռազմավարական նշանակությունը, որոշվում է Եվրասիական մայրցամաքի Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ առանցքների`պատմական Մետաքսի ճանապարհի վրա աշխարհա-քաղաքական շղթայի փոքր ու մեծ հարեւան օղակներ լինելու երկարաժամկետ հեռանկարով եւ, որ ոչ պակաս կարեւոր է, այդ առանցքների վրա պատմական հաջող համագործակցության հազարամյա ավանդույթով:

Հայաստանի (ներառյալ Արցախը) տարածքի` քաղաքակրթական խզվածքի վրա գտնվելու հանգամանքը մի կողմից մեծացնում է աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախման կիզակետ դառնալու վտանգը, մյուս կողմից հնարավորություն է սալիս դառնալու քաղաքակրթությունների եւ տարածաշրջանների միջեւ երկխոսության ու համագործակցության կամրջելու նախաձեռնող եւ հյուսիսային կողմից Իրանի ապահով հարեւան:

Հայաստանը, գտնվելով քրիստոնեական եւ իսլամական քաղաքակրթությունների սահմանագծում, կարող է Արեւմուտքի եւ Իրանի հետ իր համագործակցության զուգակցմամբ զգալի դերակատարություն ունենալ Իրան–ԱՄՆ ներկայիս լարվածության մեղմացման առումով` դառնալով քաղաքակրթությունների երկխոսության եւ համակեցության կամուրջ: Իսկ Հայաստանի առաջիկայում խաղալիք տնտեսական-տեխնոլոգիական դերը կարելի է համեմատել անցյալ դարի յոթանասունական թթ. Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Հոնկոգի խաղացած դերին:

Այս առումով նպաստավոր բացառիկ կարեւոր պայման է  նաեւ հայության բնական ցանցային վիճակը, ուստի ցանցային տարբերակով հայության ներուժի համախմբումը, զարգացումը եւ կիրառումը բացի հայկական գործոնի հնարավորություններն ու կարողութունները բազմապատկելուց, կծառայի նաեւ Իրանի կապերի ամրապնդմանը հզոր հայկական սփյուռք ունեցող  երկրների հետ......

Իրացնելու համար հայ-իրանական եզակի քաղաքակրթական-մշակութային ընդհանրությունների եւ հայկական բազմադարյա համայքի հիմքի վրա փոխշահավետ ռազմավարական համագործակցության, ինչպես նաեւ  հայության համաշխարհային սփյուքյան ցանցի խոստումնալից ներուժը անհրաժեշտ է Հայաստանի ներկայիս փաստացի ինքնիշխանության կտրուկ ամրապանդում, որը, ցավոք  ժողովրդի իշխանությունը զավթած եւ այդ ինքնիշխանությունը վաճառքի հանած նորգաղութային ներկայիս վարչակազմի օրոք անհնար է պատկերացնել:

Բնավ պատահական չէ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ահռելի ներուժի միայն չնչին մասն է իրացվում: Թվում է թե խորհրդային փակ սահմանի բացումից հետո երկու երկրների համագործակցությունը պիտի աշխուժանարար, սակայն սահմանը մնում է ուղղակի եւ փոխաբերական իմստով խորհրդային փշալարով ծածկված: Հայաստանի Հանրապետությունը Իրանի հետ ռազմավարական համագործակցություն հաստատելու եւ զարգացնելու իր ռազմավարությունը կյանքի է կոչելու միայն ապագաղութացման եւ ինքնիշխանության ամրապնդման գործընթացներին զուգընթաց, որով եւ կապահովվի Հայաստանի եւ հայկական գործոնի մեծացումը, նրա աշխարհաքաղաքական, ռազմական եւ տնտեսական բնութագրերի բարելավումը...

Երկու երկրների միջեւ հարաբերությունների բովանդակությունը, ծավալն ու ձեւաչափը էական վերանայման կարիք ունեն: Էներգետիկայի եւ հաղորդակցային ուղիների զարգացման ոլորտներում գոյություն ունեցող ռազմավարական նշանակության ծրագրերի ընդլայնումը հնարավորություն կտա թե Հայաստանի էներգետիկ սնուցման եւ հաղորդակցային ապահովման լիարժեք այլընտրանքի ապահովման շնորհիվ ազատվելու ներկայիս հյուսիսային մոնոպոլ կախվածությունից եւ այսպիսով վերականգնելու տնտեսական   ինքնիշխանության հիմքերը, եւ թե  թույլ կտա Իրանին Հայաստանի տարածքի տրանզիտային ուղիներից օգտվելով ճանապարհ բացել դեպի Սեւ ծով եւ այնտեղից դեպի Եվրոպա:

Առանց Հայաստանի եւ Իրանի այս շահերի հաշվառման հնարավոր չի պատկերացնել տարածաշրջանում  հաղորդակցային  ուղիների ապաշրջափակումը եւ կայունության եւ համագործակցության հաստատման համար պայմանների ապահովումը:  Բոլոր այն ուժերը, ովքեր դեմ են այս համագործակցությանը, հանդես են գալիս տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման դեմ:

Հայսատանի իրական ինքնիշխանության կրողը` հայ ժողովուրդը ակնկալում է բարեկամ Իրանից ընբռնում եւ օժանդակություն Հայաստանի սուբյեկտայնության  ամրապնդման հարցում, որը առանց  ժողովրդի իշխանության եւ սահմանադրականության հաստատման անհնար է պատկերացնել։