Ռուսաստանում դատապարտված եւ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ:

NEWS.am-ի հետ զրույցում Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, հայտնեց, որ փեսան իր ընկերությունում է աշխատում:

Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով:

Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի, սակայն ընտանիքն անհրաժեշտ գումարը չունի:

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: