Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին նահանգային Սենատի եւԱսամբլեայի մի խումբ անդամներ:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը կարեւորել է ամերիկյան պատվիրակության այցն Արցախ եւ նշել, որ հետաքրքիր ժամանակահատվածում են հյուրընկալվել, քանի որ հանրապետությունում այսօր նշվում է «Բերքի տոնը»: Պետնախարարի խոսքով՝ տոնի առթիվ ներկայացված ապրանքներն առաջին հերթին Արցախում առկա խաղաղության եւ զարգացման արդյունքներն են:

Անդրադառնալով Արցախում Միացյալ Նահանգների դերակատարությանը՝ Ա. Հարությունյանն ընդգծել է այն հանգամանքը, որ, բացի Հայաստանի Հանրապետությունից, ԱՄՆ-ը միակ պետությունն է, որ ամեն տարի ուղիղ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին: «Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ ժողովրդին ու իշխանություններին, որ մեզ աջակցում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող հակամարտության կարգավորման գործընթացի համանախագահությամբ, այլեւ՝ մարդասիրական ծրագրեր իրագործելով: 1990-ական թվականներից սկսած՝ ամերիկյան կառավարության աջակցությամբ Արցախում բազմաթիվ բնակարաններ են վերականգնվել եւ կառուցվել, անցկացվել են ջրագծեր, հարյուրավոր հեկտարների վրա ականազերծման աշխատանքներ են իրականացվել: Ուրախությամբ կուզեի շեշտադրել նաեւ վերջին տարիներին ԱՄՆ նահանգային մակարդակով Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի կարեւորությունը, որում իր ուրույն տեղն ունի Կալիֆորնիայի Սենատի 2014թ. Բանաձեւը՝ Արցախի Հանրապետության անկախության եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ:

Համոզված եմ՝ դա նոր որակ է հաղորդելու մեր հետագա համագործակցության զարգացմանը՝ թե՛ տնտեսական ու քաղաքական, եւ թե՛ մարդասիրական եւ այլ ոլորտներում»,- ասել է Ա. Հարությունյանը եւ հատուկ կարեւորել Կալիֆորնիայի հայ համայնքի դերակատարությունն առկա կապերիխորացման ու ամրապնդման  գործում:

Կալիֆորնիայի խորհրդարանական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Հարությունյանին ջերմ ընդունելության համար եւ արձանագրել, որ նախորդ այցերի համեմատ Արցախում զարգացման շոշափելի առաջընթաց են տեսնում: Նրանք Ա. Հարությունյանին ներկայացրել են իրենց այցի մանրամասների եւ նպատակների մասին, ինչպես նաեւ հետաքրքրվել են Արցախի տնտեսության զարգացման առկա միտումներով, ապրիլյան պատերազմի սոցիալ-տնտեսական հետեւանքներով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացի ներկա իրավիճակով եւ այլ հարակից թեմաներով: