Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի անդամներին։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Քալիֆորնիայի խորհրդարանականների այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Քալիֆորնիայի Վեհաժողովի եւ Սենատի համատեղ բանաձեւի ընդունման կարեւորությունը եւ համոզմունք հայտնել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարեւոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման գործում։

Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին լավ հիմք է ստեղծվել Արցախի եւ Քալիֆորնիայի միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման համար եւ հասունացել է փոխգործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ժամանակը։ Այդ համատեքստում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին՝ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է խաղաղ գործընթացի առաջ մղման եւ նրա անշրջելիության ապահովման  համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։