Եթե Հայաստանի իշխանություններն ուզում են արգելել աջակողմյա ղեկով մեքենաները՝ ուրեմն ինչ-որ մեկի բիզնեսն են ուզում առաջ մղել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 9-ին ասել է «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնյաներից մեկն, ըստ երեւույթին, որոշել է ղեկերի դիրքերի փոփոխության արհեստանոց բացել։ Որեւէ այլ բան մտքովդ չի անցնում, քանի որ նման արգելքը որեւէ այլ ողջամիտ բացատրություն չունի։ Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները հայտնել են այն մասին, որ հնարավոր է, աջակողմյա ղեկով մեքենաներն ավելի հաճախ են վթարային իրավիճակներում հայտնվում, բայց Ճանապարհային ոստիկանությունից նման պաշտոնական վիճակագրություն դեռ չկա։ «Իսկ եթե հարմարության մասին խոսենք, ապա այդ հարցում աջակողմյա ղեկի պարտությունը միանշանակ չէ։ Կան թերություններ՝ տեսադաշտի կույր գոտին ավելի մեծ է։ Բայց կան նաեւ առավելություններ՝ ավելի հարմար է կայանելը»,- նկատեց Պեդանյանը։

Եվ վերջապես, նման մեքենաներն ավելի մատչելի են, ինչը ոչ հարուստ Հայաստանի համար շատ կարեւոր է։ «Իհարկե, ճապոնական նոր մեքենան ավելի թանկ կլինի, բայց ավելի շատ ներմուծում են հին ու էժանագին մոդելները։ Ու շատերը միայն այդպիսի մեքենաներ կարող են գնել»,- հավելեց ակտիվիստը։

Բացի դրանից, ՀԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ նույնիսկ աջակողմյա ղեկն արգելելու դեպքում անհասկանալի է մնում եկվորների՝ օրինակ զբոսաշրջիկների հարցը։ Իսկ եթե նրանց թույլատրվի, այդ դեպքում տեղացիներին ինչպե՞ս չթույլատրել։