Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան խորհրդականին երկուշաբթի կանչել են հանրապետության Արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները  որոշել էր դադարեցնել ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը Թուրքիայի տարածքում, հայտնում է  Milliyet թերթը հղում անելով նախարարության աղբյուրներին։

Ըստ աղբյուրների տվյալների՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատան խորհրդական Ֆիլիպ Քոսնեթին կանչել են Թուրքիայի ԱԳՆ: Նրան ծանուցում են հանձնել այն մասին, որ Անկարան Վաշինգթոնի կողմից սպասում է վիզաների տրամադրման կասեցման որոշման չեղարկմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 8-ն ԱՄՆ դադարեցրել էր ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը Թուրքիայի տարածքի բոլոր դիվանագիտական առաքելություններում: Այդպիսի որոշում էր կայացվել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Ստամբուլում կալանավորվել էր ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը, «սահմանադրությունը խախտելու»  եւ «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը պաշտոնանկ անելու փորձի» մեղադրանքով:

Հետաքննության տվյալներով, Թոփուզը կապ է հաստատել ոստիկանական ղեկավարների հետ, ովքեր փոխկապակցված էին ֆեթուլլահականների  հետ, նաեւ Թուրքիայի նախկին դատախազ Զեքերիյե Օզոմի հետ, ով նույնպես կապ ունի ֆեթուլլահականների հետ: Անկարան գտնում է, որ այդ կազմակերպությունը եւ նրա «ղեկավար» Ֆեթուլլահ Գյուլենը, ով ապրում է ԱՄՆ-ում, կանգնած են 2016 թվականի հեղաշրջման հետեւում: