Հայ-թուրքական արձանագրությւոնները ստորագրվեցին եւ թանկ գնով վաճառվեցին Ադրբեջանին՝ նյութական եւ ոչ նյութական ձեռքբերումներով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ նշել է Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը:

«Եթե համեմատում ենք, թե ինչ կարող էր տալ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորումը եւ Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական եւ անվտանգային հարաբերությունների հաստատումը Թուրքիային, ապա հասկանում ենք, որ սա լավ հաշվարկված քաղաքականություն էր, եւ Թուրքիան քաղեց դրանից ամեն հնարավորը»,-ընդգծեց նա։ 

Դավիթ Հովհաննիսյանը նաեւ անհրաժեշտ համարեց ընդգծել, որ արձանագրությունները ոչ թե վիժեցված են, այլ առկախված, ինչը հնարավորություն է տալիս հայ-թուրքական հարաբերությունները դարձնել թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական, թուրք-եվրոպական: Իսկ Թուրքիայի մերժողականությունը, նրա կարծիքով, պայմանավորված են այլ ուժերի հետ բանակցություններով,  եւ այդ հարաբերություններում ոչ դիվանագիտական միջոցների դիմելու եւ շանտաժի հնարավորությամբ։

Իր խոսքի վերջում նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերւթյունները հնարավոր կլինի կարգավորել այն ժամանակ, երբ երկու երկրների ղեկավար ուժերը կգան սկզբունքային որոշման կարգավորել հարաբերությունները, դրանից հետո նոր կարելի է խոսել այլ երկրների շահերի մասին, որոնք այս կամ այն կերպ կարող են կարեւոր դեր խաղալ։