Ադրբեջանի նախագահը իրականության հետ կապ չունեցող եւս մեկ հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով երկուշաբթի Նախարարների կաբինետի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը:

«Նախորդ տարվա ապրիլի դեպքերը՝ Ադրբեջանի կիրառած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ազատատենչ եւ անկախ ժողովրդի հանդեպ, հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը ամեն ինչ կանի, որպեսզի բանակցությունները ձախողվեն», - ասել է Շարմազանովը` հավելելով, որ ապրիլի էսկալացիայից հետո Իլհամ Ալիեւից ոչ մի կառուցողական հայտարարություն նա չի լսել:

Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղարի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Բաքուն պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում որեւէ առաջխաղացման: