Եվրամիությունը չի ճանաչում Կատալոնիայի անկախությունը, եւ դա կհանգեցնի ԵՄ կազմից տարածաշրջանի դուրս գալուն։ Այս մասին ասել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն, հայտնում է RFI–ն։

«Եթե անկախության հռչակագիր ընդունվի, այն կընդունվի միակողմանի կարգով եւ չի ճանաչվի»,– ասել է նախարարը Cnews հեռուստաընկերությանը եւ հավելել, որ անկախության առաջին  հետեւանքը ԵՄ կազմից ավտոմատ կերպով դուրս գալն է լինելու։

Նատալի Լուազոն Մադրիդին եւ Բարսելոնին կոչ է արել վերականգնել երկխոսությունը։ «Մենք ոչ մի պատճառ չունենք մտածել այլ կերպ, քան Իսպանիայի կառավարությունը։ Մենք գործընկերներ ենք, դաշնակիցներ, իսկ Իսպանիան ժողովրդավարական երկիր է»,– ասել է նախարարը։

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում կայացած հանրաքվեի կապակցությամբ նախարարն ասել է հետեւյալը. «Այն հակասահմանադրական էր։ Ոչ մի հնարավորություն չկար ստուգել ո՛չ ընտրացուցակները, ո՛չ քվեարկության ընթացքը, ո՛չ ձայների հաշվարկը»։