Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Սոչիում հանդիպում կունենա Գերմանիայի ձեռներեցների հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հոկտեմբերի 12-ին Սոչիում կկայանա մեր նախագահի եւ Գերմանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների կարեւոր հանդիպումը։ Այդ հանդիպումը կազմակերպվել է Գերմանական տնտեսության արեւելյան հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Մեր նախագահն այդ հանդիպումը կսկսի ողջույնի խոսքով, հետո կկայանա բանավեճ»,- ասել է Ուշակովը։

Նախագահի օգնականը ճշգրտել է, որ հանդիպմանը մասնակցելու են գերմանական բիզնեսի մոտ 20 ներկայացուցիչներ՝ ռուսական շուկայում մշտապես աշխատող խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում  Bauer, Winter holl, Linde, Knauf, Siemens, Metro եւ այլ ընկերությունների ղեկավարները։ Ենթադրվում է, որ բոլոր ընկերությունները ներկայացված են լինելու իրենց կառավարման նախագահներով ու միայն Siemens-ի ներկայացուցիչ Կլաուս Հելմրիխն  է լինելու ընկերության կառավարման անդամ։