Թուրք–ամերիկյան լարված հարաբերությունները կարող է հանգեցնել նրան, որ Միացյալ Նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

«Թուրքիան, որ անկանխատեսելի, անկայուն հարեւան է, էդքան էլ լավ բան չէ մեզ համար։ Պարզ է, որ ոչ մի լավ բան չի բերելու դա, բայց թուրք–ամերիկյան հարաբերությունների սրումը կարող է շանս ստեղծել, որ Միացյալ նահանգները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,–ասել է Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետը հիշեցրել է թուրք–գերմանական լարված հարաբերությունների արդյունքը հօգուտ Հայաստանի։

«Ի վերջո Գերմանիան ինչու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թե սկզբունքները պահպանելով, թե Թուրքիայի հետ հարաբերություններից ելնելով։ Գերմանացիները տեսնում էին՝ ուր էր գնում հարաբերությունների զարգացումը, նույնն էլ Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ, որ հիմքեր կան ճանաչելու համար։ 50 նահանգներից ամեն դեպքում 47–ը ճանաչել են։ Հարաբերությունների սրումը ստեղծում է հիմք, որ տարիների երկար աշխատանքը արդյունք տա»։