«Ժամանակ» թերթը գրում է. «Բենզինի գները հետեւողականորեն բարձրանում են, եւ դա շարունակվում է արդեն մեկ ամիս։ Ընդամենը մեկ ամիս առաջ 380 դրամ արժեցող ռեգուլյար տեսակի բենզինն այժմ արժե 420 դրամ։

Բենզինի թանկացման համար ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա․ նկատի ունենք, որ միջազգային շուկայում այդ մեկ ամսվա ընթացքում նավթի գների կտրուկ աճ չի եղել, նավթը տատանվել է 55 դոլարի սահմաններում։ Փոփոխության չի ենթարկվել նաեւ դրամի փոխարժեքը ռուսական ռուբլու եւ նույնիսկ դոլարի նկատմամբ։ ԵՏՄ մտնելուց հետո բենզինը ներմուծվում է Ռուսաստանից, եւ պետք է ենթադրել, որ դրա դիմաց վճարումները կատարվում են ռուբլով կամ առնվազն դոլարով։

Հայաստանում վաճառվող բենզինը կարող էր թանկանալ, եթե այն թանկանար նաեւ Ռուսաստանում։ Բայց, պարզվում է, Ռուսաստանում էլ գների մեծ փոփոխություն տեղի չի ունեցել։ Մեկ ամիս առաջ Ռուսաստանում А92 բենզինի մանրածախ միջին գինը եղել է 37 ռուբլի 29 կոպեկ, երեկ ռուսաստանյան միջին գինը 37,27 էր, այսինքն՝ 2 կոպեկով ավելի էժան։ Հայկական դրամով Ռուսաստանում բենզինի մանրածախ գինը 305 դրամ է։ Պարզ է, որ բենզինի թանկացումը միայն ներհայաստանյան պատճառներ ունի, բենզինը թանկանում է, որովհետեւ այդպես են ցանկանում բենզին ներմուծողը եւ վաճառողները։ Եթե վաղը նրանք որոշեն, որ բենզինը պետք է վաճառվի 500 դրամով, ապա հենց այդպես էլ կլինի։

Բայց բենզինի թանկացումը միայն տնտեսական խնդիր չէ, այն ավելի շուտ ունի քաղաքական նշանակություն։ Երբ անցյալ տարվա սեպտեմբերին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, բենզինի գները սկսեցին նվազել, դա բացատրվում էր վարչապետի հակամենաշնորհային եւ շուկայի ազատականացման քաղաքականությամբ։ Այսինքն՝ ով ցանկանա կարող է բենզին ու դիզվառելիք ներկրել եւ վաճառել։ Երբ անցյալ տարվա հոկտեմբերին բենզինի գինը հերթական անգամ 20 դրամով էժանացավ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հաղթական հայտարարություն արեց․ «Ուսումնասիրությունները պարզել են, որ բենզինի շուկայում ավելացել է ներկրող ընկերությունների թիվը: Շուկայում հայտնվել է նոր ընկերություն՝ «Մաքս Գրուպը», որն ավելի էժան գնով լուրջ խմբաքանակների ձեռքբերումներ է իրականացրել եւ արդյունքում ավելի էժան վաճառք կատարել ՀՀ-ում: Դրա շնորհիվ բենզինի ընդհանուր գները նվազել են»։

Ուղիղ մեկ տարի անց բենզինը վերադառնում է իր նախկին գներին։ Հայաստանում ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա շուկան մենաշնորհային է, եւ գները կարգավորվում են ինչպես Խորհրդային Միությունում․գները սահմանվում են կենտրոնից իջեցված հրահանգով։ Մեկ տարի առաջ պետք էր, որ վարչապետը ներկայանա թունդ հակամենաշնորհատեր, գներն իջեցնողի, ժողովրդի փրկչի կարգավիճակում, գները իջնում էին։

Հիմա նման անհրաժեշտություն չկա, վարչապետն ավարտում է իր պաշտոնավարման ժամկետը, եւ հատուկ PR անելու անհրաժեշտություն չկա։ Դրա համար գները բարձրանում են, եւ ոչ միայն բենզինի։

Հիմա բոլորն էլ կհասկանան, որ ժողովրդի փրկիչ եւ տնտեսության բարեփոխիչ Կարեն Կարապետյան չկա։ Կա մի մարդ, ով մեկուկես տարի աշխատեց վարչապետ, լուծեց իր եւ իր ընտանիքի անձնական խնդիրներն ու իրենից հետո թողնում է չափազանց վատ վիճակում գտնվող Հայաստան եւ Հայաստանի տնտեսություն։ Մեզ մնում է սպասել հերթական փրկչին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում