ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 9-ին ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, որոնցից «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ, ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը եւ ԻԻՀ նախագահի գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագրում ամրագրված է, որ Իրանի Իսլամական Հանրապետության Գիտության եւ տեխնոլոգիաների փոխնախագահությունը եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման նպատակով, ելնելով փոխադարձ շահերից, իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն եւ կաջակցեն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը եւ նանոտեխնոլոգիաների տարբեր բնագավառներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փորձի փոխանակմանը։

Կողմերը կհամագործակցեն երկու երկրների համալսարանների եւ կազմակերպությունների միջեւ տեխնոլոգիաների փոխանակման գործընթացների պարզեցման ուղղությամբ։

Նախատեսվում է աջակցություն բուհական եւ ավագ դպրոցների մակարդակով նանոտեխնոլոգիաներին առնչվող կրթությանը, ներառյալ դասընթացների անցկացմանը եւ ենթակառուցվածքներին, որոնք անհրաժեշտ են կրթական եւ հետազոտական լաբորատորիաներին։

Կողմերը կհամագործակցեն նաեւ համատեղ դասընթացների, գիտաժողովների, սեմինարների կազմակերպման եւ նոնոտեխնոլոգիաների ոլորտի գիտնականների փոխանակման բնագավառներում։

Ըստ Հուշագրի, կողմերը կստեղծեն համատեղ աշխատանքային հանձնաժողով, որը կկազմի համագործակցության տարեկան ծրագրեր։ Աշխատանքային հանձնաժողովի հանդիպումները կկրեն կանոնավոր բնույթ, եւ դրանց ընթացքում կպլանավորվեն հետագա գործողությունները, կկատարվի փորձի փոխանակում, ինչպես նաեւ կդիտարկվի Հուշագրի իրականացման գործընթացում գրանցված առաջընթացը։