Ծայրաստիճան կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կատարեն ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում Եվրոպայի խորհրդի առաջ իրենց պարտավորությունները։ Այս մասին հայտնել է Չեխիայի ԱԳ նախարար ու ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Լյուբոմիր Զաորալեկը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ։

«Ես ամբողջովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո մշտական ջանքերը՝ բանակցային ճանապարհով կարգավորման հասնելու ուղղությամբ։ Ես նաեւ ամբողջովին աջակցում եմ անցած տարվա հունիսին կողմերին ուղղված ԵԱՀԿ ՄԽ կոչը՝ դիտարկել միջոցառումներ, որոնք կհանգեցնեն լարվածության նվազմանն ու առարկայական՞՞ բանակցությունների վերսկսմանը՝ դրսևորելով քաղաքական կամք»,- հայտնել է Զաորալեկը՝ պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի հարցին։

Նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների գալիք հանդիպումը կհանգեցնի զգալի առաջընթացի բանակցություններում։ Նա հավելել է, որ ԵԽ-ն կարող է օգնել խաղաղ համաձայնությանը նպաստող պայմանների ստեղծմանը՝ վստահության ամրապնդման միջոցառումները խրախուսելու միջոցով։