Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Հոկտեմբերի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս արած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության վերաբերյալ։

Փորձագետի խոսքով՝ հակառակ դեպքում ադրբեջանական կողմից ավելի բովանդակային հայտարարություններ կարվեին։ «Կարծում եմ՝ Ալիեւը հույս ունի, կամ գուցե նրան խոստացել են, որ բանակցությունների արդյունքում կարելի է հասնել որոշ զիջումների»,-մեկնաբանել է Պապյանը՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունները բոյկոտելու համար բազմիցս դիմել է տարբեր մուսուլմանական պետությունների, նաեւ հանդես է եկել ՄԱԿ-ում Երեւանի հասցեին սուր քննադատությամբ։

Պապյանի խոսքով՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Ալիեւը Հայաստանի նախագահին «ռազմական հանցագործ» է անվանել, որը մեծ անակնկալ էր, քանի որ այդ ամբիոնից նման հայտարարություններ շատ հազվադեպ են լինում։ «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավարի կարծիքով դա միայն խոսում է այն մասին, որ Իլհամ Ալիեւն իրեն բավականին վստահ է զգում, բայց ոչ ավելին։ Դրա հետ մեկտեղ, դա խոսում է այն մասին, որ նման լարված ֆոնին կողմերին դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել։ «Դե, իսկ եթե կան որոշակի փոփոխություններ, ապա դրանք, ավելի շուտ, ուղղված դիրքերի ամրապնդմանը»,- ամփոփեց Արա Պապյանը։