Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը նամակ է հղել ԱՄՆ Օհայոյի նահանգի Բոուլինգ Գրինի համալսարանի ռեկտորին՝ խնդրելով Թուրքիային վերադարձնել անտիկ խճանկարը, որն ապօրինի երկրից դուրս էր հանվել 1960-ականներին, փոխանցում է Anadolu–ն։

Հաղորդվում է, որ խճանկարը Զեուգմա քաղաքից է դուրս բերվել։ Այն բաղկացած է 12 մասից եւ հայտնաբերվել էր 1960-ական թթ. ապօրինի պեղումների ժամանակ։ 1965 թվականին արտ դիլեր Պիտեր Մարքսը այն 35 հազար դոլարով վաճառել էր Բոուլինգ Գրինի համալսարանին։ Այդ ժամանակից սկսած՝ խճանկարը ցուցադրված է համալսարանի արտ կենտրոնում։

Թուրքիայի մշակույթի նախարարության ուղերձում ասվում է, որ նախարարությունը ոչ մի կասկած չունի, որ խճանկարը հայտնաբերվել է Թուրքիայի տարածքում։ Եթե համալսարանը համաձայնի վերադարձնել գտածոն, Թուրքիան այդ մասին տեղյակ կպահի համաշխարհային հանրությանը եւ թուրք ուսանողներին կպատմի ուսումնական հաստատության աշխատանքի մասին, ասված է նամակում։