Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան Իրանի հետ ունեցած ջերմ եւ բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան Իրանի հետ ունեցած ջերմ եւ բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր եւ հիմնված են փոխադարձ շահերի վրա: Կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան, համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ պատրաստակամ է օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները կարեւորել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ բնագավառի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, «Սյունիք» եւ «Արաս» ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումն ու ընդլայնումը, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը:

ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-իրանական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, ինչը տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւոր երաշխիքներից է:

Իրանի նախագահը ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքներն ու բարձր գնահատել հայ համայնքի դերը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում: