Իրանն այսօր տարբեր պետություններից ներկրում է բազմաթիվ ապրանքներ, որոնք արտադրվում են Հայաստանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ավարտին Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կայացած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանին այստեղ դիմավորել են Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչները: Վերջիններս ողջունել եւ կարեւորել են ՀՀ վարչապետի այցն Իրան եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

 Կարեն Կարապետյանն ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է, որ Իրանի իշխանությունների հետ ունեցել են կառուցողական եւ արդյունավետ բանակցություններ, որոնք նոր թափ կարող են հաղորդել երկկողմ տնտեսական համագործակցությանն ու առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Վարչապետը նշել է, որ քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ազատ տնտեսական գոտիներին, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր: «Ունեցել ենք բաց երկխոսություն եւ արդյունավետ բանակցություններ: Համոզված ենք, որ առկա է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ: Իրանն այսօր տարբեր պետություններից ներկրում է բազմաթիվ ապրանքներ, որոնք արտադրվում են Հայաստանում: Կարող ենք երկկողմ փոխշահավետ հարաբերություններին հաղորդել նոր լիցք՝ նաեւ Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտու գործարկմամբ», - ասել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով հայ համայնքի հետ կապերին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ կարեւորում է համագործակցությունը եւ առաջին հերթին վերջիններիս ներգրավվածությունը տարբեր ոլորտներում՝ կառավարման մշակույթի, փորձի փոխանակման եւ նոր միայն ներդրումային ծրագրերի իրականացման առումով:

Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը ՀՀ կառավարությանը մաղթել է արդյունավետ գործունեություն եւ հաջողություններ ձեռնարկած նախաձեռնություններում: