Շիրակի մարզի դատախազությունն ամփոփել է 2016, 2017 թվականների առաջին 9 ամիսների ընթացքում Շիրակի մարզում արձանագրված հանցագործությունների եւ բացահայտումների թիվը: Այդ մասին հայտնում է 168.am-ը։ 

Հոկտեմբերի 12-ին կազմակերպված ասուլիսի ժամանակ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտարարեց, որ 2017թ. 9 ամիսների ընթացքում Շիրակի մարզի վարչական տարածքում հանցագործությունների 970 դեպք է արձանագրվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ արձանագրվել է հանցագործության 824 դեպք, մարզում հանցագործությունների թիվն աճել է: Ծանր հանցագործությունների թիվը նույնն է մնացել՝ 124 դեպք, դրանց բացահայտման դեպքերն այս տարի՝ 49, նախորդ տարի 45-ն է եղել:

«Այս տարի սպանության 4 դեպք ունենք արձանագրված, որից 2-ը բացահայտված են, 2-ը՝ ոչ: Երկու դեպքերից մեկը վերաբերում է անհայտ կորած անձին, ով տանից դուրս է եկել ու չի վերադարձել: Քանի որ նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետի ընթացքում տվյալ անձին չենք հայտնաբերել, սպանության հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ: Երկրորդ դեպքը վերաբերում է մայիս ամսին արձանագրված Արթուր Հարությունյանի սպանությանը: Ես անձամբ ուսումնասիրել եմ այդ գործը, կատարվել են բազմածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, հուսով եմ, որ բացահայտվելու է»,- հայտարարեց Կ. Գաբրիելյանը:

Դատախազը նշեց, որ դեպք է եղել, երբ անձի կողմից դյուրավառ նյութի միջոցով ծնողներին այրելու փորձ է կատարվել: Այս գործով կա կալանավորված անձ, քեական գործը գտնվում է նախաքննության փուլում:

Հաջորդ գործը Գյումրու «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչած կրակոցների մասին է:

«Ունենք հարուցված քրեական գործ՝ 34, 104 հոդվածի երկրորդ մասի եւ 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներվ: Այս գործը գտնվում է նախաքննության փուլում: Այս գործով 3 մեղադրյալ կա, երկուսը գտնվում են կալանքի տակ: Այս գործով ապացույցները նույնպես բավարար են: Հաջորդ գործը վերաբերում է անձի կողմից Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի սպանության փորձ կատարելուն: Այս քրեական գործը գտնվում է դատարանում: Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպք է այս տարի արձանագրվել, որից 4-ը բացահայտված են: Ճանապարհային երթեւեկությունը խախտելու հետ կապված մահվան ելքով դեպքերը նախորդ տարի՝ 12, այս տարի՝ 8-ն է արձանագրվել, որոնք բացահայտված են»:

Խոսելով սեփականության դեմ ուղղված հանցագործություններից՝ Կ.Գաբրիելյանը նշեց, որ նախորդ տարի արձանագրվել է 39, այս տարի՝ 48 դեպք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում