«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ դատավորը դատաքննությունն անցկացնում է կոպիտ խախտումներով եւ «նորամուծություններ» է մտցրել, օրինակ, նիստերն անցկացնում է առանց ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների:

«Տաթեւիկ Գրիգորյանը դատավարությունն անցկացնում է նորամուծություններով՝ առանց պաշտպանների, անընդհատ հեռացնելով ամբաստանյալներին եւ առանց նրանց փորձելով դատական նիստ անցկացնել: Դատարանը սանկցիաներ է կիրառում՝ խախտելով օրենքը ատական սանկցիաներ է կիրառում օրենքը խախտելով: Կարեւորն իրավունքի սկզբունքը հասկանալն է, օրենքն իմանալը քիչ է»,- իր միջնորդության մեջ նշեց պաշտպանը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ընդհատեց Հայրապետյանին ու հորդորեց անհարգալից վերաբերմունք չդրսեւորել դատարանի նկատմամբ: Դատարանը դատական սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ նախազգուշացման տեսքով:

Տիգրան Հայրապետյանը շարունակեց ներկայացնել միջնորդությունը՝ նշելով, որ դատավորն առաջնորդվում է ինչ-որ մեկի թելադրանքով:

«Ինչպե՞ս է ստացվում, որ դատարանը նիստի օր ու ժամ է նշանակում, սակայն նիստից հետո որոշում է կայացնում փոխել ժամը եւ նշանակել ժամը 11:00-ին: Բոլորին է հայտնի, որ կալանավորված անձանց գործերով այդ ժամին նիստ չի նշանակվում, քանի որ այդ ժամին չեն հասցնում կալանավորներին ՔԿՀ-ներից տեղափոխել: Ձեր որոշումը նշանակում է, որ առնվազն կալանավայրի պետի հետ խորհրդակցել եք: Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ Ձեզ ուղղորդում են»,- ասաց պաշտպանը:

Տաթեւիկ Գրիգորյանը կրկին ընդհատեց Հայրապետյանին՝ հորդորելով հարգալից վերաբերմունք դրսեւորել դատարանի հանդեպ:

«Ինձ մեղադրում եք արտադատական խաղի մեջ, կրկին զգուշացվում եք, ապակողմնորոշիչ հայտարարություն մի արեք»,- Տիգրան Հայրապետյանին դիմեց դատավորը:

Գրավոր միջնորդությունից շատ հատվածներ չներկայացնելով՝ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանն անդրադաձավ նաեւ իրեն գործի վարույթից հեռացնելու դատավորի որոշմանը: Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը չի մասնակցել անընդմեջ 2 նիստի, մինչդեռ դատավորը հաշվարկել է 3 եւ հեռացրել իրեն վարույթից:

«Սա նշանակում է, որ դուք ի սկզբանե նման որոշում եք ունեցել, որ ամեն կերպ փաստաբաններին հեռացնեք վարույթից»,- ասաց պաշտպանը:

 Մյուս ամբաստանյալների պաշտպանները միացան միջնորդությանը:

«Միջնորդությունը հիմնավոր է եւ ամբողջությամբ փաստարկված»,- նշեց ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը, սակայն, առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ այն հիմնազուրկ է: Դատախազի գնահատմամբ, Տիգրան Հայրապետյանը սխալ փաստեր է ներկայացրել իր միջնորդության մեջ. «Պաշտպանն իր երկարաշունչ միջնորդության մեջ նշել է, թե 8 ամբաստանյալի բացակայությամբ… բայց 8 ամբաստանյալ երբեք չի եղել: Որեւէ հիմնավորում չներկայացվեց, որ դատավորն անաչառ չէ, հետեւաբար, ենթակա է այն մերժման»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: