Ղազախստանի Իլիյսկի պոլիգոնում մեկնարկել են խաղաղապահ ուժերի հետ հետկոնֆլիկտային կարգավորման թեմատիկայով ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2017» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խաղաղապահ զորակազմերը, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մտնող ոստիկանական ստորաբաժանումները, ԿԽՄԿ ներկայացուցիչները, ՀԱՊԿ, Միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները։

Զորավարժությունների հիմնական նպատակն է ամրացնել անդամ պետությունների խաղաղապահ ուժերի միջեւ փոխըմբռնումը։ Հնարքների ժամանակ կմշակվեն խաղաղապահ  գործողությունների նախապատրաստման ընթացքում հրամանատարների եւ շտաբերի հմտությունների բարելավման հարցերը, ՀԱՊԿ ուժերի ստորաբաժանումների կառավարման հարցերը, հակամարտության տեղայնացման խնդիրների լուծումները, Կենտրոնական Ասիայի դժվար տեղանքի պայմաններում դաշտային ուսուցման ժամանակ համատեղ գործողությունների կատարելագործումը։

Վարժանքների ժամանակ կմշակվեն բանակցություններ վարելու, մարդասիրական օգնության, հսկիչ անցակետերում եւ դիտակետերում ծառայություն իրականացնելու, գրոհայինների ճամբարի ոչնչացման խնդիրները։

Հնարքներին կմասնակցեն հոգեբանական եւ տեղեկատվական պայքարի ստորաբաժանումներ։ Զորավարժությունների սցենարի համաձայն՝ իրադրությունն աստիճանաբար կփոխվի փախստականների զանգվածային հոսքի պատճառով։