Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 16-ին այցելել է Վանաձոր: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում եւ Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայեցակարգի քննարկումից եւ հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաեւ ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը:

Հայեցակարգով վեր են հանվել քաղաքի խնդիրները, քաղաքաշինական, ճարտարապետական, տրանսպորտային եւ այլ ոլորտներում առկա բացերը, ներկայացվել ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: Նշվել է, որ հայեցակարով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային եւ ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ եւ այլն:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հայեցակարգը մշակած թիմին եւ առաջարկել Վանաձորի ղեկավարներին նշանակել կոնկրետ պատասխանատու, ով մշտական կապի մեջ կլինի ռազմավարության հեղինակների հետ:

«Մենք այս հայեցակարգի ու քաղաքի զարգացման մաստեր պլանի հիման վրա պետք է Վանաձորում իրականացնենք հստակ ծրագրեր, քայլեր՝ հասկանալով մեր նպատակն ու ունենալով ընդհանուր տեսլական: Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի բիզնեսի համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նա ցանկանա այստեղ գործել: Այսօր կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են Վանաձորում ներդրումներ իրականացնել, եւ մենք պետք է նրանց ուղղորդենք, ներկայացնենք հստակ ծրագրեր»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

Վարչապետը քաղաքային իշխանություններից պահանջել է մշտական ուշադրության կենտրոնում պահել քաղաքի բարեկարգման, սանմաքրման, չգործող օբյեկտների պայմանագրերի վերանայման, աղբահանության եւ մյուս խնդիրները: 

Հայեցակարգի քննարկումից հետո ներկայացվել է նաեւ Վանաձորի ինդուստրիալ տուրիզմի զարգացման ռազմավարությունը:

Այնուհետեւ Կարեն Կարապետյանն այցելել է քաղաքի նախկին «Արտեկ» ճամբարի, ճոպանուղու եւ մարզադաշտին հարող տարածքներ, որտեղ ներդրումային տարբեր ծրագրեր է նախատեսվում իրականցնել: