Ատոմակայանը չի փակվի, այլ կփոխարինվի ավելի փոքր հզորությամբ ատոմակայանով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին,  լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Այդուհանդերձ, նախարարը չբացառեց, որ իշխանությունները կարող են հրաժարվել նոր ատոմակայանի կառուցուման գաղափարից:

Հարցին՝ արդյոք կառավարությունը մտադիր է հրաժարվե՞լ նոր ատոմակայանի կառուցման մտադրությունից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ: Մի պահ պատկերացրեք, որ վաղը պարզվի, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց ատոմակայանի, և ատոմակայանի պարագայում, որն այդ պահին առկա է շուկայում, մեր էներգիան շատ ավելի թանկ կլինի սպառողների համար: Որ՞ ճանապարհով մենք պետք է գնանք: Անշուշտ՝ ժամանակակից տեխնոլոգիաների»:

Ճշտող դիտարկմանը, թե կառավարությունը, փաստորեն, չի բացառում, որ Հայաստանը կարող է հրաժավել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից, Հարությունյանն արձագանքեց. «Ճիշտ եք հասկանում իմ դիրքորոշումը և կառավարության դիրքորոշումը, որ մենք յուրաքանչյուր անգամ գնահատելու և որոշելու ենք, հաշվի առնելով գիտության զարգացման, էներգակիրների գների, այլ տենդենցները, թե տվյալ իրավիճակում որ մոդելն է առավելագույն արդյունավետ լինելու Հայաստանի սպառողի համար»:

Նախարարի խոսքով, նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ատոմակայանը աշխատեցնել 50 մեգավատանոց բլոկներով, ինչն նոր հնարավորություն է, որի շնորհիվ Հայաստանը կարող է գնալ նոր ճանապարհով։

«Այսօր կառավարությունը անընդհատ կատարում է վերանայում եւ կախված այն բանից, թե որ ճանապարհն է արդյունավետ եւ  ըստ այդմ կայացվում է համապատասխան որոշում»,-նշեց նախարարը:

Դավիթ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ երկիրը գնում է էներգետիկ զարգացման ուղիով եւ այդ ճանապարհին հաշվի են առնվում էներգակիրների շուկայում առկա իրավիճակը,գները, սպառումն ու  ժամանակակից տեխնոլոգիաները՝ բացառելով ոչ թափանցիկ քաղաաքական գործընթացները։

Նախարարի կարծիքով էներգետիկ ոլորտում անկախությանը խանգարում է հումքի արտադրության ոլորտում առկա կախվածությունը։

Նշենք, որ Հայաստանի ու Եվրամիության միջև նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որի տեքստը հրապարակվեց օրերս, առանց հստակ ժամկետների սահմանման, նշված է, որ անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը, այն փոխարինելով նոր հզորություններով: