Ուժգորոդում սպանված «Ապարան» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը քաղաքում հայտնի եւ հարգանք վայելող ձեռնարկատեր էր, հայտնում է Depo.Закарпатье-ն:

Նիկողոսյանը Անդրկարպատների մարզում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչն էր, աջակցում էր քաղաքի հայ համայնքին, որպես մեկենաս ակտիվորեն մասնակցում էր մարզական միջոցառումներին:

Սակայն ավելի մեծ ցնցում է հարուցել Նիկողոսյանին սպանողի մասին տեղեկությունը՝ ձեռնարկատիրոջը սպանել է նրա երկարամյա բիզնես գործընկեր եւ ընկեր Վարդան Թովմասյանը, ում Ուժգորոդում եւս լավ են ճանաչում: Նա չի թաքնվել, իրավապահները նրան ձերբակալել են հանցագործության վայրում:

Անդրանիկ Նիկողոսյանն Անդրկարպատներ է տեղափոխվել 1990-ական թվականներին: Ինչպես բազմիցս նշել է տեղական լրատվամիջոցների հետ հարցազրույցներում, Անդրկարպատներն իրեն հոգեհարազատ էր բազմամշակութային լինելու, այստեղ բնակվող տարբեր ազգության մարդկանց միջեւ միմյանց հանդեպ հարգալից վերաբերմունքի համար: Նիկողոսյանը ծնունդով Հայաստանի Ապարան քաղաքից էր, հենց այսպես է հետագայում նա անվանել իր ձեռնարկությունը: Ակտիվորեն սպորտով էր զբաղվում, բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ էր, ԽՍՀՄ հավաքականի անդամ է եղել, հաղթել է համամիութենական մրցումներում, եղել է Եվոպայի մրցանակակիր եւ այլն:

Սպորտային կարիերան ավարտել է 28 տարեկանում եւ սկսել ձեռնարկատիրությամբ զբաղվել՝ դարձել է հասարակական սննդի ձեռնարկության գլխավոր տնօրեն: Բնակվել է տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մի քանի տարի Մոսկվայում: Ուժգորոդ տեղափոխվելուց եւ Վարդան Թովմասյանի հետ ծանոթանալուց հետո սկսել է զբաղվել կոշիկի բիզնեսով: Հետագայում ձեռնարկությունը արտասահմանյան շուկա է մտել եւ սկսել է կոշիկի տարրեր պատրաստել համաշխարհային հայտնի ապրանքանիշների համար:

Նիկողոսյանը Ուժգորոդի հայ համայնքի ակտիվ անդամ էր: Նաեւ նրա ջանքերի շնորհիվ քաղաքում բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձան է տեղադրվել: Միաժամանակ, Նիկողոսյանն ընդգծում էր, որ դժվար պահերին կօգնի Ուկրաինային:

Հայտնի չէ, թե ինչն է եղել սարսափելի սպանության պատճառը: Ասում են, որ նախկին բիզնես գործընկերների միջեւ փողի պատճառով վեճեր են ծագել բիզնեսը բաժանելուց հետո: Իբր Վարդանը Նիկողոսյանին պարտքով փող է տվել: Ուժգորոդցիները համացանցում այլ վարկածներ էլ են առաջ քաշում, եւ մինչեւ հիմա չեն կարողանում հավատալ, որ Վարդանը նման բան է կատարել՝ նրա մասին հիմնականում խոսում են որպես հավասարակշռված եւ խելամիտ մարդու:

Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվածին արդեն հայտնել են, որ իրեն կասկածում են դիտավորյալ սպանություն կատարելու մոջ: Կասկածյալին ձերբակալել են եւ տեղափոխել ժամանակավոր պահման մեկուսարան: