Կատարը բաց է Պարսից ծոցի հարեւանների հետ երկխոսությանը ճգնաժամի կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Կատարի էմիր, շեյխ Թամի բին Համադ ալ Թանին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ հանդիպումից հետո, փոխանցում է Reuters-ը:

Նա հայտնել է, որ այս հարցը քննարկել է Ինդոնեզիայի նախագահի հետ: «Մենք հավաստիացրեցինք, որ Կատարը պատրաստ է երկխոսությանը խնդրի լուծման համար, քանի որ հասկանում ենք, որ այս դեպքում հաղթողներ չեն լինելու: Մենք բոլորս եղբայրներ ենք, եւ բոլորս տուժում ենք այս ճգնաժամի պատճառով»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Եգիպտոսը խզել են Կատարի հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Դոհան բոլոր մեղադրանքները ժխտում է: