Հոկտեմբերի 16-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը պետք է դրական գնահատել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման  կարծիք է հայտնել The Armenian Interest կենտրոնի ղեկավարի տեղակալ փորձագետ Վահան Հարությունյանը։

Նա կարծում է, որ միաժամանակ միամտություն կլիներ ինչ–որ լուրջ առաջընթացի սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

«Սակայն ես այդ հանդիպումը դրական եմ գնահատում, քանի որ ցանկացած բանակցություն պետք է դրական գնահատվի։ Քանի դեռ բանակցություններ են ընթանում, հետեւաբար պատերազմ չի գնում»,– պարզաբանեց Հարությունյանը՝ հավելելով, որ ամփոփ հայտարարության մեջ կոնկրետ ոչինչ չի ասվել։

Փորձագետը նշեց միաժամանակ, որ կողմերը համաձայնել են քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման համար, ինչը, ըստ նրա, վկայում է բանակցային գործընթացի կենսունակության մասին, եւ որ Մինսկի խմբի ձեւաչափը համաձայնեցված է 2 կողմի հետ՝ չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեին հնչող սուր քննադատության։

Փորձագետը նաեւ նշեց շփման գծում դեէսկալայցացիայի համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կարեւորությունը։