ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ո՛չ մեխանիզմներ ունի, ո՛չ հնարավորություններ: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց The Armenian Interest կենտրոնի ղեկավար Արեգ Գալստյանը:

Նրա խոսքով՝ դա մի քանի պատճառ ունի: «Մինսկի խումբը կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային հարաբերություններում երկբեւեռ համակարգի ժամանակահատվածում, երբ գոյություն ունեին միջազգային որոշակի կանոններ, եւ երբ պետությունները նման կազմակերպություններին լուրջ մեխանիզմներով էին օժտում, որոնք թույլ էին տալիս կարգավորել այս կամ այն հակամարտությունը»,- պարզաբանեց Գալստյանը՝ հավելելով, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը երկբեւեռ համակարգի մնացուկն է, եւ որ ժամանակակից հանրությունը միաբեւեռ համակարգում է ապրում:

Փորձագետը նշեց, որ նաեւ այս համակարգն է դժվար այդպիսին անվանել, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո անհասկանալի է, թե միջազգային խաղի կանոններն ինչպիսին են:

«Համապատասխանաբար, նման կազմակերպությունները չունեն լուրջ մեխանիզմներ, որոնք կարող են այս կամ այն կողմին ստիպել որեւէ առաջարկ ընդունել»,- շեշտեց The Armenian Interest կենտրոնի ղեկավարը՝ հավելելով, որ ղարաբաղյան հիմնախնդրում ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի շատ կատարում է միջազգային ամբիոնի դեր, որի միջոցով հայկական եւ ադրբեջանական կողմերը որոշակի դիվանագիտական բանակցություններ են վարում:

Գալստյանի կարծիքով՝ սա թույլ է տալիս ստատուս քվոն պահպանել, քանի որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններ սկսվելը ոչ մեկին ձեռնտու չէ, այդ թվում՝ արտաքին քաղաքական առանցքային խաղացողներին:

Այս պատճառով, ինչպես նշեց փորձագետը, չարժի այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ինչ-որ համակարգային լուրջ բեկում ակնկալել:

Միաժամանակ, Գալստյանը կարծում է, որ չնայած տարբեր տեսություններին եւ վարկածներին, գլխավոր գործոն են համարվում հայկական եւ ադրբեջանական կողմերը:

«Քանի դեռ կողմերը առավելագույն նշաձողի վրա են կանգնած, ոչ մեկը ոչինչ անել չի կարող: Այսինքն՝ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան չեն կարող ուղղակի վերցնել եւ Երեւանին կամ Բաքվին ստիպել ընդունել առաջարկների որեւէ կոնկրետ փաթեթ, եթե կողմերն իրենք դա չցանկանան»,- եզրափակեց փորձագետը: