ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է իրեն վերագրել «Իսլամական պետության» պարտությունը։ Նա կարծում է, որ մինչեւ հիմա դա տեղի չէր ունեցել քանի որ ինքը չէր ղեկավարում ԱՄՆ–ը։

«Ես ամբողջովին փոխեցի խաղի կանոնները։ Ես փոխեցի ռազմական ոլորտը։ Ես լիովին փոխեցի զինվորականների վերաբերմունքը, եւ նրանք ֆանտաստիկ աշխատանք կատարեցին»,– ասել է Թրամփը The Chris Plante Show–ի ժամանակ, փոխանցում է Independent–ը։

«ԻՊ–ը հիմա հանձնվում է, նրանք հանձնվում են, հեռանում են ձեռքերը վեր»,– ասել է նախագահը։ Հարցին, թե ինչու դա մինչեւ հիմա տեղի չէր ունենում, նա պատասխանել է. «Քանի որ չկար Թրամփը՝ որպես նախագահ։ Ես նկատի ունեմ, որ եթե դուք նայեք մեր զինվորականներին, մեծ տարբերություն կտեսնեք»։