Եթե ԱՄՆ–ը դուրս գա Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից, Իրանը դա կպատառոտի։ Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Սայեդ Ալի Խամենեին՝ մեկնաբանելով համաձայնագրի անվավերացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, փոխանցում է Mehr–ը։

«Մեզ հաջողվել է կասեցնել Իրանի նկատմամբ Ամերիկայի գերիշխանությունը, դառնալ հզոր պետություն եւ առաջընթաց գրանցել։ Չնայած ԱՄՆ թշնամական քայլերին՝ այդ ամբողջ առաջընթացը մենք գրանցել ենք պատժամիջոցների ճնշման տակ»,– ասել է նա։

Խամենեին նշել է, որ ժամանակ չի վատնի Թրամփի անիմաստ հայտարարությունների վրա՝ հավելելով, որ ԱՄՆ–ը միջազգային սիոնիզմի գործակալ է։ Նրանք են ստեղծել ԻՊ–ն ու ահաբեկչությունը։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող եք սպասել, որ Վաշինգթոնը դեմ դուրս չի գա այն պետությանը, որը պայքարում է ԻՊ–ի դեմ։

«Եվրոպան հայտարարեց, որ աջակցում է միջուկային գործարքին եւ դատապարտեց ԱՄՆ նախագահին։ Մենք ողջունում ենք նրանց դիրքորոշումը, բայց դա բավական չէ, որպեսզի Թրամփին պարզապես խնդրեն չխզել միջուկային գործարքը։ Մենք չենք խզի պայմանագիրն այնքան ժամանակ, քանի դեռ մյուս կողմը հավատարիմ է դրան։ Բայց եթե նրանք դուրս գան գործարքից, մենք այն կպատառոտենք»,– ասել է նա։