Ռուսաստանում հերթական քրեական գործն են հարուցել կրոնական թեմայով։ Այս անգամ ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածը փորձում են կիրառել աթեիստների նկատմամաբ ատելություն հրահրելու համար։ Իրավաբանները պնդում են, որ սա Ռուսաստանում առաջին նման դեպքն է, փոխանցում է Newsru–ն։

Քրեական գործը հարուցվել է կրասնոդարցի պոետ Մաքսիմ Դրոզդովի դեմ։ Նա իր  բանաստեղծություններով իբր թե բացասական գնահատականներ է տվել «աթեիստներ» սոցիալական խմբին եւ թշնամական գործողությունների կոչ է արել։

Քրեական գործի մասին Facebook–ում հայտնել է փաստաբան Ալեքսեյ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ Դրոզդովը ՎԿոնտակտե սոցցանցում բանաստեղծություն էր տեղադրել, որով փորձում էր ծաղրել Ռուսաստանում հավատացյալների զգացմունքները վիրավորելու հետ կապված վիճակը։

Դրոզդովն ինքն այդ գրառման մեկնաբանությունների մեջ նշել է, որ բանաստեղծությունում խոսքը ուսուցչուհու մասին էր, որին առասպելական գյուղի բնակիչները վառել էին Աստծուն չհավատալու համար։ Մեղադրական կողմի համաձայն՝ նա աթեիստներին վիրավորել է հետեւյալ տողով. «Աթեիստներից գարշելի մարդիկ չկան, մենք բոլորս կվերադարձնենք ինկվիզիցիան»։