ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում հետաձգվեց Փաշինյան-Գեղամյանի միջադեպի հետ կապված ԱԺ հանձնաժողով ստեղծելու հարցը:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը առաջարկներ էր ներկայացրել, որոնք վերաբերում էին հանձնաժողովի թվաքանակին, աշխատանքի ժամկետին, որոնք քննարկելու համար որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը:

Թովմասյանը, մասնավոփրապես նշեց, որ չէր ցանկանա, որ որոշման վերնագրում անուններ լինեն: Նաեւ առաջարկեց, որ հանձնաժողովը լինի 9 անձից բաղկացած, որոնցից 5-ը կլինեն ՀՀԿ-ական, 2-ը՝ «Ծառուկյան» դաշինքից եւ մեկական՝ «Ելք»-ից ու ՀՅԴ-ից:

«Կարծում եմ՝ հաշվի առնելով միջադեպը, նաեւ ապացուցողական բազան, մեկ ամիսը բավարար կլինի հանձնաժողովի աշխատանքի համար, եթե ինտենսիվ աշխատանք տարվի»,-ասաց նա:

Նախագծի հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի պատասխան հայտարարեց, որ համաձայն է հետաձգել քննարկումը. «Առաջարկությունները կքննարկենք եւ խմբագրված տարբերակ կներկայացնենք»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում նախ վեճ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ: Փաշինյանն իր ելույթում հիշատակել է Գեղամյանին՝ նշելով, որ նա Մուշ ու Արդահանը գրավելու փոխարեն ճիշտ կանի խոսի լենինիզմից ու կոմունիզմից՝ ակնարկելով Արտաշես Գեղամյանի կոմունիստական անցյալը: Տեղից Արտաշես Գեղամյանը բղավել է. «Չափդ մի կորցրու», ինչին Փաշինյանն արձագանքել է. «Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»:

Դրանից հետո վեճը շարունակվել է ԱԺ միջանցքում, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:

Գեղամյանը հերքել է, թե հարվածէլ է Փաշինյանին՝ նշելով. «Եթե ես բռունցքներով հարվածեի որեւէ մեկին, նրան կտեղափոխեին հիվանդանոց»: Ավելի ուշ նա ընդունել էր, որ եղել է միջադեպ: «Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Խմբակցությունը նշել էր, որ կարող է պահանջել նաև Գեղամյանին մանդատից զրկելու հարցը: