Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը կարծում է, որ, հնարավոր է, ճիշտ չի եղել, երբ «բավականին զգացմունքային» է արտահայտվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հասցեին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել, որ այս օրերի ընթացքում մտածել է իր ասածի մասին՝ խոստովանելով, որ երբեմն «չի կարողանում իր ավելորդ զգացմունքայնությունը հաղթահարել»: Սակայն Աթամբաեւը կարծում է, որ տեղի ունեցածի մեղավորը Նազարբաեւի օլիգարխիկ շրջապատն է, որը մտածում է «միայն իր փողերը պահպանելու եղանակների մասին»: «Ես միշտ ցանկացել եմ եւ ցանկանում եմ հարեւանների հետ եղբայրական հարաբերություններ ունենալ: Մենք պետք է մեր հարեւանների հետ խաղաղությամբ ապրենք»,- ասել է նա:

Ղրղզաստանի նախագահական ընտրությունների ընթացքում Ղազախստանի հետ հարաբերությունները կտրուկ վատթարացել էին, այնուհետեւ դիվանագիտական սկանդալ էր բռնկվել, որի պատճառը Նազարբաեւի հանդիպումն էր ընդդիմությունից Ղրղզստանի նախագահի թեկնածու Օմուրբեք Բաբանովի հետ: Աթամբաեւը հայտարարել էր Ղազախստանի կողմից Ղրղզստանի ներքին գործերին եւ նախագահի ընտրությանը միջամտելու մասին, որից հետո Ղազախստանը Ղրղզստանի սահմանին անվտանգության ուժեղացված միջոցառումներ էր մտցրել, որը մեծ խցանումների պատճառ էր դարձել: