ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել են Մուղնու Մ.Աշճյանի անվան եւ Լուսակն համայնքի հիմնական դպրոցների տնօրենների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

Նախնական տվյալներով՝  Աշտարակ քաղաքի «Մուղնու Մ.Աշճյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 2015թ. սեպտեմբերի 3-ին որպես  նշված դպրոցի պահակ է ձեւակերպել իր բարեկամուհուն։ Վերջինս աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ հաշվարկվել եւ դուրս է գրվել աշխատավարձ, որը յուրացվել է:

Դեպքի առթիվ 2017թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ ուղարկվել Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ ՀԿԳ ավագ քննիչը քրեական գործը վարույթ է ընդունել, եւ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ստացված մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն՝ Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրենը՝ նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտի՝ 2017թ. փետրվարից ՀՀ-ից բացակայելու, փաստացի կրթություն չստանալու եւ ավարտական քննություններին չմասնակցելու պայմաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ է մտցրել հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանում, ավարտական քննական արձանագրություններում եւ դասամատյաններում: Դրանց հիման վրա տնօրենն աշակերտի անվամբ կազմել եւ հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայական: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենին օգնել եւ օժանդակել են նույն դպրոցի ուսուցիչները:

Դեպքի առթիվ 2017թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածով:

Նշված քրեական գործը ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել է հոկտեմբերի 13-ին եւ ընդունվել վարույթ։ Քննություն է տարվում՝ ապահովելու բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումը։