Մինչեւ 2017 թվականի վերջը ԵՏՄ երկրները կընդունեն տրանսպորտային քաղաքականության ճանապարհային քարտեզը։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը։

ԵՏՄ 5 երկիր արդեն ընդունել է կաբոտաժային փոխադրումների (մի երկրի տարածքում այլ երկրի մեքենաներով ներքին փոխադրումներ) ազատականացման ծրագիրը։ Բայց ծրագրում մի շարք սահմանափակումներ կան։ ԵՏՄ երկրներն ուզում են, որ 2025 թվականին մի երկրի ավտոբուսներն ու բեռնատարները ազատ կամ  նվազագույն սահմանափակումներով երթեւեկեն մյուս 4 երկրներով։

«Աշխատանքային մակարդակով համաձայնեցումն անցել է բոլոր երկրներով։ Ճանապարհային քարտեզը կներկայացվի Եվրասիական միջկառավարական խորհրդին, իսկ դրանից հետո՝ ԵՏՄ Գերագույն տնտեսական խորհրդին»,- ասաց Մելքոնյանը։

Նշենք, որ կաբոտաժային փոխադրումների ազատականացման ծրագրով հայկական բեռնատարները Ռուսաստանում կարող են ներքին փոխադրումներ իրականացնել միայն Ռոստովի մարզում, Ստավրապոլի երկրամասում եւ Հյուսիսային Օսիայում, եւ միայն եթե վերադառնում են Հայաստան ԵՏՄ Ռուսաստանի տարածքով։

Բացի այդ, ծրագրին միանալու ներքին ընթացակարգերը դեռ բոլոր երկրները չեն ավարտել. միայն Հայաստանն ու Բելառուսը։