ԱՄՆ նոր պատժամիջոցային օրենքը փորձ է Ռուսաստանին դուրս մղել Եվրոպայի էներգետիկ շուկայից, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

«Վերջին պատժամիջոցային փաթեթը, որն ընդունել էր ԱՄՆ Կոնգրեսը, բացահայտ ուղղված է Եվրոպայի էներգակիրների շուկայից Ռուսաստանին դուրս մղելուն, որպեսզի Եվրոպան անցնի ԱՄՆ–ից մատակարարվող թանկ հեղուկ գազի»,– ասել է ՌԴ նախագահը Սոչիում «Վալդայ» համաժողովի ժամանակ։

Պուտինը նշել է, որ ոմանք անգամ չեն էլ թաքցնում, որ քաղաքական դրդապատճառներն օգտագործում են սեփական կոմերցիոն շահերն առաջ մղելու համար։

«Մենք կարող ենք ավելի շատ օրինակներ բերել, երբ քաղաքականությունը խառնվում է տնտեսական, շուկայական հարաբերություններին, իսկ բոլորովին վերջերս ասում էին, որ դա անհնարին է, ապակառուցողական եւ անթույլատրելի»,– ասել է Պուտինը։

Նշենք, որ օգոստոսի 2-ին Դոնալդ Թրամփը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենք էր ստորագրել։